ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ հանգիստ ժամանակահատվածում սոցիալական ցանցերի արգելափակումը սխալ է համարում. Իրանի իշխանություններն ուսումնասիրում են երկրում Telegram-ի արգելաբացման հնարավորությունը: Այս մասին նա ասել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։
Ղալիբաֆը հիշեցրել է, որ Կիբեռտարածության հարցերով երկրի բարձրագույն խորհուրդը մշակել է 32 կետից բաղկացած փաստաթուղթ, որոնք կարգավորում են նաև սոցցանցերի աշխատանքը:
Ղալիբաֆը հավելել է, որ երկրում սոցիալական ցանցերի արգելափակումն այն ձևով, որով այն առկա է այս պահին, սխալ է համարում, թեև արտակարգ իրավիճակներում արգելափակումը կարող է անհրաժեշտ լինել:
«Ճգնաժամերի, պատերազմի, պատահարների ժամանակ, ինչպես դա եղավ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում, ինտերնետի արգելափակումը և նույնիսկ որոշ չափով անջատումը բնական է՝ ամբողջ աշխարհում է այդպես», - բացատրել է Ղալիբաֆը:
2018-ի ապրիլին դատարանի որոշմամբ Telegram-ն արգելափակվել էր Իրանում, դատական մարմինները վկայակոչել էին քաղաքացիների բողոքները և մեսենջերի կողմից Իրանի օրենսդրությունը չպահպանելը: Չնայած նման որոշմանը և իշխանությունների՝ հաղորդակցման համար իրանական հավելվածներ ներդնելու փորձերին, Telegram-ը Իրանում ժողովրդականություն ունեցել է ոչ միայն բնակչության շրջանում, որոնք արգելափակումը շրջանցելու համար օգտագործում են VPN-ծառայություն, այլև պետական մարմիններում: