Չինաստանի քաղաքացիները մինչև 2026-ի սեպտեմբերի 14-ը ՌԴ կկարողանան այցելել առանց վիզայի

Ավելի վաղ Պեկինն էր ռուսաստանցիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը։ Պուտինը խոստացել էր հայելային միջոցներ կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով փոխադարձության սկզբունքի հիման վրա մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը Չինաստանի քաղաքացիները մինչև 30 օր Ռուսաստան կկարողանան այցելել առանց վիզայի։
Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
Հրամանի համաձայն՝ «մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը ներառյալ Չինաստանի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել ՌԴ և մնալ Ռուսաստանում ոչ ավելի, քան 30 օր՝ որպես հյուր կամ գործնական այցով, որպես զբոսաշրջիկ, կամ մասնակցել գիտական, մշակութային, հասարակա–քաղաքական, տնտեսական և մարզական միջոցառումների, ինչպես նաև ՌԴ–ով տարանցում իրականացնել կամ դուրս գալ ՌԴ–ից առանց վիզայի ձևակերպման՝ օգտագործելով սովորական չինական անձնագիրը»։
Սեպտեմբերի 15-ից ՌԴ քաղաքացիների համար Չինաստանում սկսել է գործել առանց վիզայի մուտք գործելու փորձնական ռեժիմը։ Քաղաքացիները կկարողանան երկիր այցելել առանց վիզայի ձևակերպման մինչև 30 օր ժամկետով։