«Արզնի կաթնամթերքի» երեք ապրանքի արտադրությունը կասեցվել է

ՍԱՏՄՆ–ն հայտնում է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. «Արզնի կաթնամթերքի» երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է։ Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հավելելով, որ ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:

«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես` «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ), «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր, ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում։

ՍԱՏՄ–ն հայտնում է, որ տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: