«Արմավիր» ՔԿՀ-ն Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնել

Ըստ հաղորդագրության՝ փաստաբանը փորձել է արգելված առարկա հանձնել ՔԿՀ-ում պահվող անձին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը վարույթ է նախաձեռնել փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ ՀՀ ՔԿԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարույթը նախաձեռնվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը։
Բացի այդ, միջնորդություն է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ՝ Փոստանջյանի վարքագիծը քննարկելու նպատակով։
Նշենք, որ նախօրերին Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ապօրինի տիրացել են իր հեռախոսին։
ՔԿԾ-ից պարզաբանում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Նրան առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը և հայտնել, որ այլ արգելված իրեր չունի։
«Այնուհետև նրան ուղեկցել են զննության համար նախատեսված սենյակ, որտեղ ռենտգեն սարքի միջոցով զննվել է նրա ձեռքի պայուսակը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է iPhone 7 տեսակի բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, որը վերցվել է ծառայողների կողմից»,- հայտնում են ՔԿԾ-ից։
Փոստանջյանին պարզաբանվել է նաև, որ վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ կազմելուց և որոշման կայացնելուց հետո բջջային հեռախոսը կվերադարձվի իրեն, սակայն նա հրաժարվել է մասնակցել արձանագրության կազմմանը և հեռացել է։
Նշվում է, որ դրանից հետո էլ ՔԿՀ ծառայողը երկու անգամ զանգել է Փոստանջյանին՝ առաջարկելով վերադառնալ հիմնարկ, մասնակցել արձանագրության կազմմանը, որից հետո հեռախոսը կվերադարձվի։ Սակայն նա կրկին մերժել է՝ նշելով, որ հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին։