ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Իշխանություններն արշավ են սկսել եկեղեցու դեմ, քանի որ տապալվեց Հայ առաքելակա եկեղեցու դեմ դրսից հարձակումները։ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում նման տեսակետ հայտնեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Եկեղեցում պրոցեսները դրսից չկարողացան իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, փորձում են գնալ ներքին հանգուցալուծման։ Հայ ժողովուրդը չողջունեց այդ հարձակումները, հիմա ներքին ձևերով են փորձում»,– ասաց Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանի խոսքով` հայ ժողովուրդը չպաշտպանեց Նիկոլ Փաշինյանի ակցիաները Առաքելական եկեղեցու դեմ և կանգնեց կաթողիկոսի կողքին։
Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիային տված հարցազրույցում, մեկնաբանելով Հայաստանում հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներն ու ձերբակալությունները, հայտարարել էր, որ դա ոչ միայն երկրի անկախ կառույցների վրա քաղաքական ճնշման, այլև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համախմբված գործողությունների դրսևորում է:
Ընդ որում, նա հիշեցրել է Ադրբեջանի հոգևորառաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի խոսքերը, որը դեռևս հոկտեմբերին մեղադրում էր հայկական եկեղեցուն այն բանում, որ այն իբր ռևանշիզմի և նոր առճակատման կոչ է անում, այն դեպքում, երբ «երկու երկրների իշխանությունները քայլեր են ձեռնարկում դեպի խաղաղություն»: Այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Հայաստանում սկսեցին ձերբակալել հոգևորականներին։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու Նարեկ Կարապետյանը նույն եկեղեցում մասնակցում էին պատարագին։ Պատարագիչը Ս. Երրորդություն եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանն էր, որը չհնչեցրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի անունը։ Իսկ Վեհափառի անունը եկեղեցում հնչեցնելու համար բերման ենթարկվեցին Հովհաննես Իշխանյանն ու Հայկ Դորունցը։