ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը խստորեն դատապարտում է Կիևի ահաբեկչությունները Սև ծովում լցանավերի և Նովոռոսիյսկի ջրատարածքում Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նոյեմբերի 28-ին Ուկրաինայի զինված ուժերի առանց անձնակազմի մոտորանավերը Թուրքիայի ափերի մոտ հարձակվել են Գամբիայի դրոշի ներքո Նովոռոսիյսկ ուղևորվող «Կաիրո» և «Վիրատ» լցանավերի վրա: «Վիրատը» կրկին հարձակման է ենթարկվել նոյեմբերի 29-ի առավոտյան: Նույն առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի հարվածի պատճառով Նովոռոսիյսկի նավահանգստում շարքից դուրս է եկել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շարժական նավամատուցային սարքավորումը։
Գերատեսչությունում ընդգծել են, որ ահաբեկչություններն իրականացվել են Ուկրաինայում մասշտաբային կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ ուկրաինական հասարակության «ուշադրությունը շեղելու համար»:
«Վաղուց բարոյալքված ուկրաինացիներին ձգտում են հերթական պատրանքային «պերեմոգաները» ցուցադրել՝ հատուկ ռազմական գործողության գոտում ռազմաճակատի քայքայման և Ուկրաինայի զինված ուժերի բացահայտ աղետալի վիճակի ֆոնին։ Ուղիղ կապ ենք տեսնում նաև կայուն խաղաղության մոտեցմանն ուղղված ընթացիկ միջազգային ջանքերին խոչընդոտելու փորձերի հետ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Կիևի գործողությունները և դրանց պատշաճ գնահատական տալ։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես դատապարտել էր Սև ծովում լցանավերի ուղղությամբ հարվածները: Գերատեսչությունում նշել էին, որ միջադեպերը տեղի են ունեցել Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում և լուրջ ռիսկեր են ստեղծել նավագնացության անվտանգության, մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար: