ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր ավիաընկերություններին կոչ է արել Վենեսուելայի օդային տարածքը փակ համարել:
«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրավաճառներին և մարդկանց առևտրով զբաղվողներին խնդրում ենք Վենեսուելայի օդային տարածքը և դրա շրջակայքը համարել ամբողջովին փակ», - գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում։
ԱՄՆ-ի և Վենեսուելայի հարաբերությունները երկար տարիներ լարված են։ Վաշինգտոնը չի ճանաչում նախագահ Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը և 2019-ից աջակցում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Խուան Գուաիդոյին: ԱՄՆ-ն Կարակասի դեմ լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել, որոնք վերաբերում են նավթային հատվածին, ֆինանսներին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների:
Ամերիկյան իշխանությունները նաև պարբերաբար մեղադրում են վենեսուելական կառույցներին թմրավաճառների հետ համագործակցության և մարդկանց առևտրի սխեմաներին մասնակցելու մեջ: Տարբեր տարիներին ԱՄՆ-ն սահմանափակել է դեպի Վենեսուելա թռիչքները՝ վկայակոչելով անվտանգության ռիսկերը։ Այս ֆոնին Վաշինգտոնի ցանկացած հայտարարություն ընկալվում է որպես Մադուրոյի ռեժիմի նկատմամբ ճնշման ավելի լայն քաղաքականության մաս: