ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն Կարիբյան տարածաշրջանում իր ուժերի ծավալման կապակցությամբ էլեկտրամագնիսական խանգարումներ է առաջացնում, դա հատկապես վերաբերում է Վենեսուելայի օդային տարածքին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգես Պարիլյան:
«Դատապարտում ենք Կարիբյան տարածաշրջանում, հատկապես Վենեսուելայի օդային տարածքում շարունակվող էլեկտրամագնիսական միջամտությունը, որն առաջացել է ԱՄՆ-ի վիրավորական և արտակարգ ռազմական տեղակայման հետևանքով», - գրել է նախարարը X սոցցանցի իր բլոգում:
Ռոդրիգեսի խոսքով՝ տեղի ունեցածը Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիայի և հոգեբանական պատերազմի սրման մի մասն է, որն ուղղված է այդ եղբայրական ազգի օրինական կառավարության բռնի տապալմանը:
Հավանայում ավելի վաղ բազմիցս նախազգուշացրել էին տարածաշրջանում ապակայունացման ռիսկերի մասին և հայտարարել Վենեսուելայի ինքնիշխանությանն աջակցելու մասին: