ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ հարձակումն անթերի է անցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դա անթերի առաքելություն էր»,-ասել է Թրամփը Գոհաբանության օրվա առթիվ զինվորականներին ուղղված ուղերձում:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը գործողություն էր սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները:
Իրանը հերքել է մեղադրանքները՝ դրան պատասխանելով իր հարձակումներով։ Պատերազմը ձգվել էր 12 օր, դրան միացել էր նաև ԱՄՆ-ը՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարձակում իրականացնելով Իրանի միջուկային օբյեկտների վրա: Դրանից հետո Իսլամական Հանրապետությունը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում ամերիկյան Էլ Ուդեյդ ռազմակայանին՝ հայտարարելով, որ իրանական կողմը մտադիր չէ հետագա սրացման գնալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից հետո հույս է հայտնել, որ Կատարում ամերիկյան ռազմաբազային հարվածելով՝ Իրանի «փուքսը թողել է» և այժմ Մերձավոր Արևելքում խաղաղության և համերաշխության հնարավորություն կա: Նա նաև հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը պայմանավորվել են հրադադարի մասին։