ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Այսօր Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
«Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայանում է կողմերից մեկի տարածքում՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2025թ. հունվարի 16-ի 11-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ:
Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:
Քննարկվել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկում:
Հիշեցնենք` Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները սեպտեմբերին փոխադարձ այցելություններ էին կատարել Հայաստանի և Ադրբեջանի մերձսահմանային՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային տարածքներ: