ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Մինչև ամերիկյան պատվիրակության հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվան տեղեկություն կունենա ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի համաձայնեցված կետերի մասին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մինչև Պուտինի հանդիպումը պատվիրակության հետ, որը կժամանի հաջորդ շաբաթ, մենք տեղեկություն կունենանք, այսպես ասենք, այն հարցերի մասին, որոնք այս կամ այն կերպ քննարկվել և համաձայնեցվել են», - ասել է Պեսկովը Առաջին ալիքի եթերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման առանցքային տարրերը՝ հայտարարելով Ռուսաստանի հետ երկխոսության մեջ առաջընթացի և Կիևին մոտ ժամանակներս իր դիրքորոշման հարցում կողմնորոշվելու անհրաժեշտության մասին: Թրամփի խոսքով՝ քննարկվում են սահմանների, անվտանգության երաշխիքների հարցերը և հատուկ բանագնացի հնարավոր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թրամփը նաև հստակեցրել է, որ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն հնարավոր է միայն կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո: Նա հայտնել է, որ ապագա գործարքի կետերի զգալի մասն արդեն համաձայնեցված է, իսկ փաստաթղթի նախագիծը 28 կետից կրճատվել է մինչև 22-ի: Ընդ որում, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ խոսքն առայժմ «հայեցակարգի» մասին է, որի վրա աշխատանքները շարունակվում են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ ամերիկյան ծրագիրը կարող է դրվել հնարավոր համաձայնագրի հիմքում, սակայն Մոսկվայի հետ առարկայական բանակցություններ ներկայում չկան: Ռուսական կողմի գնահատմամբ՝ ԱՄՆ-ին առայժմ չի հաջողվում ստանալ Կիևի և նրա եվրոպական դաշնակիցների համաձայնությունը, որոնք, ինչպես կարծում են Մոսկվայում, շարունակում են ռազմաճակատում իրավիճակի մասին ունենալ անիրատեսական պատկերացումներ: