ԳԴՀ-ում ձերբակալվել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցման մասնակցելու մեջ կասկածվող ուկրաինացի

Կասկածյալը ձերբակալվել է 2025 թվականի օգոստոսի 21-ին Իտալիայի Ռիմինի պրովինցիայում և նոյեմբերի 27-ին հանձնվել է Գերմանիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Գերմանիայի Դաշնային դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ն, որը կասկածվում է «Հյուսիսային հոսքերի» պայթեցմանը մասնակցելու մեջ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ կասկածյալը ձերբակալվել է 2025 թվականի օգոստոսի 21-ին Իտալիայի Ռիմինի նահանգում, նոյեմբերի 27-ին հանձնվել է Գերմանիային։
Ռուսական գազը Եվրոպա արտահանելու ռուսական երկու գազատարների՝ «Հյուսիսային հոսք 1»-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի պայթեցումները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել թիրախավորված դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն նշում էր, որ գազատարներում ավերածություններն աննախադեպ են, իսկ վերանորոգման ժամկետները գնահատել հնարավոր չէ։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ էր հարուցել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս տվյալներ է խնդրել «Հյուսիսային հոսքերի» պայթեցումների մասով, սակայն ոչ մի անգամ դրանք չի ստացել:
Ամերիկացի լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը 2023 թվականին հղում անելով իր աղբյուրին, հայտարարել է, որ ռուսական գազատարների տակ պայթուցիկ սարքերը 2022 թվականի հունիսին «Baltops» զորավարժություններով քողարկվելով՝ դրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակները՝ նորվեգացի մասնագետների աջակցությամբ։ Հերշի տեղեկություններով՝ գործողության մասին որոշումը կայացրել է այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ավելի ուշ Պենտագոնում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ԱՄՆ-ն կապ չունի ռուսական գազատարների պայթեցման հետ:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ հենց ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան են խոչընդոտում «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչության օբյեկտիվ միջազգային հետաքննությունը սկսելուն: