Արշակ սրբազանը ՔԿ չի ներկայանա. փաստաբանը կասկածում է փորձաքննության օբյեկտիվությանը

Արսեն Բաբայանի խոսքով` քննիչը խախտել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շահերն ու իրավունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Արսեն Բաբայանին ՔԿ-ից տեղեկացրել են, որ նոյեմբերի 25-ին կատարվել է փորձաքնություն, որի եզրակացությանը ծանոթանալու համար Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առաջարկել են ներկայանալ ՔԿ։ Այս մասին սոցցանցերում հայտնել է սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա հայտարարել է, որ Արշակ արքեպիսկոպոսը չի ներկայանա Քննչական կոմիտե ծանոթանալու իրեն առնչվող դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն եզրակացությանը ու նշել մի շարք պատճառներ։

«Մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ նրանք փորձաքննության եզրակացությունը քննչական կոմիտեից ստացել են հենց նոյեմբերի 25-ին։ Այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, ինչը ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն։ Քննչական կոմիտեն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրելու որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների»,– ասված է հայտարարությունում։

Փաստաբանը մանրամասնել է, թե օրենք ինչ ընթացակարգ է ենթարդրում նման փորձաքնութունների ժամանակ։ Նրա խոսքով` քննիչը խախտել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շահերը՝ նրան զրկելով փորձաքննության որոշմանը ծանոթանալու, լրացուցիչ հարցեր առաջադրելու, փորձաքննությանը ներկա գտնվելու և փորձագետին պարզաբանումներ տալու իրավունքներից։
Հիշեցնենք, որ մերձիշխանական ԶԼՄ–ները նոյեմբերի 27-ին գրեցին, թե նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ Եզրակացությունը, իբր, հաստատել է տեսանյութերի իսկությունը (ՀՀ Քննչական կոմիտեն նշված տեսանյութի իսկության վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել–խմբ.), սակայն «Ամենայն հայոց կաթողիկոսն առ ոչինչ է համարել այն»։ Հայտարարությունը ստորագրած եպիսկոպոսները դատապարտել էին կաթողիկոսի որոշումը և պահանջել «վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը»։