Ուկրաինական զորքի` ամբողջ ճակատով նահանջն անխուսափելի կլինի. Պուտին

Ռուսաստանի նախագահը ուկրաինական կորուստների վերաբերյալ տվյալներ է հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ուկրաինական զորքի անձնակազմի հսկայական կորուստների և ՌԴ զինված ուժերի առաջխաղացման մասին:
Նա Բիշքեկում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հոկտեմբերին Ուկրաինայի զինուժը 47 հազար մարդ է կորցրել։
Պուտինի խոսքով՝ ուկրաինական զորքի` ամբողջ ճակատով նահանջն անխուսափելի կլինի, եթե իրավիճակը Կուպյանսկում, որի նկատմամբ Ռուսաստանի բանակը վերջերս վերահսկողություն է սահմանել, կրկնվի մարտական գործողությունների այլ տեղամասերում:
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի զորքը լիովին վերահսկում է Խարկովի մարզի Վոլչանսկը, իսկ ԴԺՀ-ի Կրասնոարմեյսկը և Դիմիտրովը շրջափակված են: Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում Կոմսոմոլսկում և Սևերսկում. ՌԴ ԶՈւ-ն այս հատվածին մոտեցել է արևելքից, հյուսիսից և հարավից։
Դրանից բացի, ՌԴ ԶՈւ-ն 1,5-2 կմ մոտեցել է Ուկրաինայի զինված ուժերի կարևոր լոգիստիկ հանգույցի՝ Զապորոժիեի մարզի Գուլյայպոլեին։ Զորքի հետագա առաջխաղացումը Ուկրաինայի համար կարող է հանգեցնել ճակատի փլուզման։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։