ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Յուրաքանչյուր հինգերորդ ձեռնարկություն փակել է իր արտադրությունը Գերմանիայում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է գերմանական «Bild» թերթը՝ հղում անելով «Deloitte» ընկերության և Գերմանական արդյունաբերության դաշնային միավորման (BDI) «Supply Chain Pulse Check» զեկույցին։
«Գերմանիան ռեկորդային տեմպերով կորցնում է իր արտադրությունը․․․ Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ձեռնարկություն (19%) այլևս չի աշխատում Գերմանիայում: Մաքսատուրքերի քաղաքականությունը արագացնում է ընկերությունների հեռանալը»,-գրում է պարբերականը՝ հղում անելով փաստաթղթին։
Նշվում է, որ ընկերությունների ևս 43 տոկոսը նախատեսում են առաջիկա երկու-երեք տարում արտադրությունը տեղափոխել Գերմանիայից, ընդ որում՝ երկու տարի առաջ նման ծրագրերի մասին խոսում էր ձեռնարկությունների 30 տոկոսը: Արտադրությունը հիմնականում տեղափոխում են եվրոպական այլ երկրներ (30%), ԱՄՆ (26%), Չինաստան (16%) և ասիական այլ երկրներ (19%), ինչպես նաև Հնդկաստան (14%):
Զեկույցի համար հարցում է անցկացվել սեպտեմբերին և հոկտեմբերին, մասնակցել են արդյունաբերական արտադրության ընկերություններում մատակարարման շղթայի 148 պատասխանատուներ:
Անցյալ շաբաթ «Bild»-ը, հղում անելով «Neue Soziale Marktwirtschaft» (INSM) գործատուների կազմակերպության հետազոտության արդյունքներին, գրել էր, որ Գերմանիայում գործող 88 ձեռնարկություններում նախատեսվում է կրճատել գրեթե 150 հազար աշխատատեղ: INSM-ի ցանկում ընդգրկվել են տարբեր ընկերություններ՝ խոշոր կորպորացիաներից, ավտոպահեստամասերի մատակարարներից, լոգիստիկ ընկերություններից, ՏՏ ընկերություններից, ավիափոխադրողներից մինչև փոքր մեքենաշինական ընկերություններ։
Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի ինստիտուտը (IW) հայտնել էր, որ 2026 թվականին Գերմանիայում մասնավոր ձեռնարկությունների ավելի քան 35%-ը մտադիր է կրճատել աշխատատեղերը։ Բացի այդ, ձեռնարկությունների 33%-ը նախատեսում է կրճատել ներդրումային բյուջեն, իսկ մեկ երրորդը այս տարվա համեմատ արտադրության, ինչպես և գործնական ակտիվության նվազում է կանխատեսում։