ՀԱՊԿ երկրները աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին. հռչակագիր

ՀԱՊԿ գագաթնաժողովը Բիշքեկում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։
«Գոհունակությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական ​​երկխոսությունը։ Հանդես ենք գալիս հօգուտ համապարփակ կարգավորման և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքման», – ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրում, որն ընդունվել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ամփոփիչ հռչակագիր է ընդունվել։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Պուտինը նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրներն ու հայտնել` երբ կկայանա հաջորդ գագաթնաժողովը