ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Նոյեմբերի 27-ի ժամը 08:00-ի դրությամբ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամբողջությամբ մարվել են Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները։ Իսկ Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է։
Ներքին գործերի նախարարությունը կրկին հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել 911։
Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ են բռնկվել նոյեմբերի 21-ից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, փրկարարներից մեկը զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։