ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի կարգավորման հարցով ամերիկյան ծրագրի որոշ կետեր կարելի է դրական դիտարկել, բայց մի շարք հարցեր փորձագիտական հատուկ քննարկում են պահանջում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այս մասին ասել է «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
«Մի շարք կետեր իսկապես լուրջ վերլուծություն և լուրջ քննարկում են պահանջում», – նշել է նա։
Ուշակովի խոսքով` ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը չի քննարկվել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների ժամանակ։
Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ–ի` ուկրաինական հարցով զբաղվող նոր ներկայացուցիչը հանդիպել են Աբու Դաբիում։
«Խաղաղության ծրագիրը Աբու Դաբիում չի քննարկվել։ Խաղաղության ծրագիրը ընդհանրապես դեռ որևէ մեկի հետ մանրամասն չի քննարկվել», – ասել է Ուշակովը։
Ավելի վաղ «Axios»-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունն իբր Աբու Դաբիում բանակցել է ռուսական կողմի և ամերիկյան պատվիրակության հետ։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է վերջնական կարգավորման հիմք դառնալ, բայց դրա տեքստը տվյալ պահին առարկայական չի քննարկվում ՌԴ-ի հետ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմին հավանաբար չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել մարտի դաշտում, մինչդեռ նրանց այդ դիրքորոշումը կապված է մարտադաշտում տիրող իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկությունների բացակայության հետ։