Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջաապահության նախարարությունը։ Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, փրկարարներից մեկը զոհվել է։
Տուժածներից երեքին տեղափոխել են երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:
Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ են բռնկվել նոյեմբերի 21-ից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։