ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը և Ղրղզստանը կշարունակեն մեծացնել երկու երկրների ռազմական կազմավորումների համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության ծավալները։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունների խորացման մասին համատեղ հայտարարությունում:
«Կողմերը կշարունակեն մեծացնել երկու երկրների ռազմական կազմավորումների համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության ծավալները, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափով՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում, բարձրացնել մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ արձագանքման ներուժն ու մակարդակը», - ասված է հայտարարության տեքստում:
Ավելի վաղ երկու ժամ տևած բանակցությունների արդյունքում Պուտինն ու Ժապարովը համատեղ հայտարարություն էին ստորագրել արագ փոփոխվող աշխարհի պայմաններում դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունների խորացման մասին:
Ղրղզստանում Ռուսաստանի ռազմական օբյեկտները
© Sputnik
Ծրագրային փաստաթղթում երկկողմ կապերի հետագա՝ երկարաժամկետ հեռանկարում ամրապնդման ուղղությամբ նոր մեծածավալ խնդիրներ են դրված։ Դրանց թվում է ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության զարգացումը։ Կողմերը հետագայում ևս կխորացնեն փոխգործակցությունը կադրերի պատրաստման, անձնակազմի մարտական պատրաստվածության բարձրացման և Ղրղզստանի զինված ուժերի նյութատեխնիկական բազայի ամրապնդման և այդ երկրի տարածքում գտնվող ՌԴ ռազմական օբյեկտների զարգացման ուղղությամբ:
Ղրղզստանի նախագահը փաստաթղթի ստորագրումից հետո ասել է, որ Կանտի ռուսական ավիաբազան ծանրակշիռ գործոն է Կենտրոնական Ասիայում կայունության պահպանման համար:
«Մենք միակարծիք ենք այն բանում, որ Կանտ քաղաքում տեղակայված ՌԴ ավիացիոն բազան ՀԱՊԿ արագ տեղակայման հավաքական ուժերի կարևոր բաղադրիչ է և Կենտրոնական Ասիայի կայունության պահպանման բարձր գործոն», - ասել է Ժապարովը:
Պուտինը նոյեմբերի 25-27-ը պետական այցով գտնվում է Ղրղզստանում։ Նա նաև հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և վաղը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։