ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Իրանը ծրագրում է պարենային արտադրանքի տարածաշրջանային հանգույց դառնալ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության հաշվին։ Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի գյուղատնտեսության նախարար Ղոլամռեզա Նուրի Ղազալջեն։
«Հաշվի առնելով տրանսպորտային միջանցքների և բաց ծովերի հասանելիությունը՝ Իրանը կարող է տարածաշրջանի երկրների համար պարենային ապրանքների փոխանակման և ապահովման կենտրոն դառնալով՝ միևնույն ժամանակ ապահովելով իր որոշ կարիքները Ռուսաստանի հետ առևտրի հաշվին»,-ասել է նա:
Նախարարի խոսքով՝ 2025 թվականի հունվարին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումից հետո Իրանին և ՌԴ-ին հաջողվել է լավ պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսական ընկերությունների հետ, ինչպես նաև հուշագրեր մշակել ՌԴ գյուղատնտեսության նախարարության հետ, որոնք դյուրացնում են երկու երկրների առևտուրը սննդի ոլորտում։
«Պայմանագրի ստորագրումից հետո Ռուսաստանի հետ փոխանակումն այնքան է աճել, որ այժմ մեր երկրի հյուսիսային նավահանգիստներում մեծ քանակությամբ սննդամթերք է պահվում, ինչպես նաև անասնակեր»,-ասել է իրանցի պաշտոնյան՝ նկատելով, որ Ռուսաստանը արտադրանքի հիմնական աղբյուրն է:
Նշենք, որ Իրանի գյուղատնտեսության նախարարը Մոսկվա է ժամանել նոյեմբերի 26-ին՝ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ բանակցելու համար: