Հրդեհաշիջման աշխատանքները Տավուշի մարզի որոշ շրջաններում դեռ շարունակվում են. ՆԳՆ

Փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է ամբողջությամբ մարել հրդեհի մի քանի օջախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ Ժամը 21:00-ի դրությամբ փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր, պետական և համայնքային գերատեսչությունների աշխատակիցներ․ ներգրավված է նաև անհրաժեշտ տեխնիկա»,– նշված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ամբողջությամբ մարվել են Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները։
Իսկ Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է։
ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ հիմնականում այրվել են խոտածածկ և բուսածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:
Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ են բռնկվել նոյեմբերի 21-ից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, փրկարարներից մեկը զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։