ՀԱՊԿ–ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ–ի օրակարգում չկա․ փոխնախարար

Հայաստանն արդեն համաձայնությունն է հայտնել նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող և ընդունվող փաստաթղթերի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
«Մեր առջև նման խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կտեղեկացնենք»,- ասաց նա։
Սաֆարյանը հավելեց` ՀԱՊԿ-ի հետ կապված մասնակցության ձևաչափը հայտարարվել է․ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։ Նոյեմբերի 27-ին Ղրղզստանում նախատեսված գագաթնաժողովին Հայաստանը կրկին չի մասնակցելու, միաժամանակ արդեն իր համաձայնությունն է հայտնել այնտեղ քննարկվող և ընդունվող փաստաթղթերի վերաբերյալ։
«Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա ըստ ձևավորվող իրավիճակի, և հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին։ Հայաստանն ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք»,-ասաց Սաֆարյանը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։