ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ՊՆ զինված ուժերում տեղեկատվական զորքերի առկայությունը որպես առանձին զորատեսակ խիստ արդիական հարց է, և պաշտպանության նախարարությանը մեծ նշանակություն է տալիս հանրային մեդիագրագիտությանը։ Այս մասին Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
Նախարարին հարց էր ուղղվել, թե ինչո՞ւ մինչ օրս հայկական բանակում չկան տեղեկատվական զորքեր և ե՞րբ է լրացվելու այդ բացը։
«Առանձին զորատեսակ, այո, չունենք։ Այսօր մեր նախարարության կազմում կան ստորաբաժանումներ, որոնք ձեր բարձրացրած հարցը իրենց լիազորությունների սահմանում որոշակիորեն իրացնում են։ Մասնավորապես, ես շեշտը կդնեմ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության վրա, որը վերջին տարիներին էական աշխատանք է կատարում այս ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի մարդիկ մեծ նշանակություն տան և ժամանակ տրամադրեն մեդիագրագիտությանը»,–ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` բանակային կորպուսում և այլ ստորաբաժանումներում պարբերաբար իրականացվում են տարբեր ուսումնական ծրագրեր և վարժանքներ, որոնք ուղղված են զինծառայողների շրջանում մեդիագրագիտության և զգոնության բարձրացմանը, ինչպես նաև տեղեկատվության սպառման առումով նրանց ավելի զգույշ դարձնելուն։
Նախարարը կարևորեց նաև լրատվամիջոցների հետ շփումը։ Նա ընդգծեց, որ մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվում են վարժանքներ և զորավարժություններ, որոնք ուղղված են պաշտպանության նախարարության, լրատվամիջոցների և հանրության միջև հաղորդակցության ապահովմանը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս համաձայնեց, որ տեղեկատվական զորքերի ստեղծման անհրաժեշտություն կա։ Նրա խոսքով` Հայաստանին անհրաժեշտ են արդյունավետ միջոցներ տեղեկատվական պատերազմին հակազդելու համար։ Քոչարյանը շեշտեց, որ ՀՀ զինված ուժերում բարեփոխումները պետք է անպայման հաշվի առնեն տեղեկատվական զորքերի անհրաժեշտությունը։