ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը աշխատանք կառաջարկի ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Առաջարկվող աշխատանքը անմիջականորեն կապված չի լինի զինվորական ծառայության հետ։ Այս մասին Հանրային հեռուստատեսությամբ քաղաքացիների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այսօր ունենք հնարավորություն հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար, ովքեր ունեն զինվորական որոշակի գիտելիքներ և պատկերացում ծառայության մասին։ Նրանք կարող են ներգրավել, օրինակ, զինկոմիսարիատներում աշխատանքի»,– ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` նման աշխատանքը թույլ կտա լուծել սոցիալական խնդիրները և փոխել կյանքի որակը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արտեմ Մեհրաբյանն էլ հավելեց, որ տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող զինծառայողները կարող են աշխատանքի ընդունվել ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։