ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքումից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի համար «հատուկ կարգավիճակ» կպահանջվի։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին:
«ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին այսօր հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի դեպքում «հատուկ կարգավիճակ» և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև համագործակցության համաձայնագիր կպահանջվի, եթե խաղաղության պայմանավորվածություն ձեռք բերվի», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: