ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գազայի տարածքը չպայթած զինամթերքից մաքրելը կարող է տևել մինչև 10, իսկ փլատակների մաքրումը՝ ավելի քան 20 տարի։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման ծրագրի համակարգող Մութասիմ Էլագրան։
«Եթե փլատակների մաքրումը շարունակվի նույն տեմպերով, ինչպես նախկինում, դա կարող է տևել մինչև 22 տարի։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի հաշվարկներով, Գազայի տարածքը չպայթած զինամթերքից մաքրելը կարող է տևել մինչև 10 տարի։ Սա ավելի է բարդացնում փլատակների մաքրումը, քանի որ միայն դրա անվտանգության ապահովման համար կարող է 10 տարի պահանջվել։ Միջազգային հանրությունից սա զգալի ջանքեր կպահանջի», – ասել է նա։
Ավելի վաղ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի(UNDP) պաղեստինյան ժողովրդի աջակցման ծրագրի ղեկավար Յակո Սիլիերսը հայտնել էր, որ Գազայում անհրաժեշտ է առնվազն 50 մլն տոննա բեկորներ մաքրել։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Գազայի հատվածի վերակառուցման արժեքը 70 մլրդ դոլար է։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև տեղի ունեցած հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 69 հազար պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 170 հազար մարդ։