Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրներն է ՀՀ ՄԻՊ–ը քննարկել ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի հետ

Անահիտ Մանասյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությանը
Անահիտ Մանասյանը Լուիս Գրասային է ներկայացրել նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքի մասին է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը խոսել ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից։
Մանասյանը Գրասային է ներկայացրել նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։
«Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներն ավելի քան 4 ամիս է՝ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել