ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
«Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները մինչ օրս էլ համարվում են հայկական սպորտի ամենամեծ նվաճումներից»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ էր (1954 թ.), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968 թ.), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970 թ.), Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (160 գնդակ):
2011 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: 2013 թվականին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և փայլուն նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ 2019 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Նշենք, որ լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ի երեկոյան՝ 99 տարեկանում:
Նիկիտա Սիմոնյանը ծնվելէ 1926թ.հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: ԽՍՀՄ հավաքականի կազմում նա ոսկե մեդալներ է նվաճել 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերում։ ԽՍՀՄ հավաքականի առաջին գոլի հեղինակն է աշխարհի առաջնություններում (Շվեդիայում 1958 թ.):
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկիտա Պավլովիչին շնորհել էր Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում ՝ ռուսական ֆուտբոլի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև պետությանը մատուցած հատուկ ծառայությունների համար: