ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 27-ին Բիշքեկում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկիրը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին հայտնել են, որ իրենք դեմ չեն համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,-ասել է Ուշակովը լրագրողներին:
ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, որոշում կկայացվի, որ կազմակերպության նախագահությունը 2026 թվականի հունվարի 1-ից անցնում է Ռուսաստանի Դաշնությանը:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սագինբեկ Աբդումութալիպը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 25-27-ը պետական այցով կմեկնի Ղրղզստան: Այցի ընթացքում նախատեսվում են բարձր մակարդակի բանակցություններ, քննարկվելու են երկկողմ համագործակցության առանցքային հարցեր, ինչպես նաև ԵԱՏՄ, ԱՊՀ, ՇՀԿ և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը:
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։