Արեգ Քոչինյանն ասաց` ինչ է փոխանցել Ալիևի օգնականը հայ հասարակությանը

Քոչինյանի խոսքով` Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի համար պատերազմն ավարտվել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահի օգնականի ուղերձը հայ հասարակությանը փոխանցեց Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամ Արեգ Քոչինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 21-ին հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գնացել էին Բաքու։ Դրանից առաջ ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Հայաստան։ Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայ–ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար այլևս ավարտված է, չկա։ Իրենք ուզում են, որ այս չպատերազմի վիճակի վրա կառուցեն խաղաղություն, և իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ ու երկարաժամկետ խաղաղություն կառուցել։ Հաջիևն ասաց, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սա բառացի և ուղիղ մեսիջներն էին, որ Ադրբեջանի նախագահի օգնականը խնդրել է փոխանցել հայ հասարակությանը»,– ասաց Արեգ Քոչինյանը։
Քոչինյանը կարևորեց «կարմիր գծեր» սահմանելն ու դրանից այն կողմ ադրբեջանական կողմի հետ քննարկումեր սկսելը։ Ինչ վերաբերում է իրենց հասցեին հնչած քննադատություններին, Արեգ Քոչինյանն ասաց, թե այսօր հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ խոսողներն օտարերկրյա գործակալ են։
Հիշեցնենք` Բաքու մեկնած պատվիրակության կազմում էին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։ Այս այցի համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 550 հազար դրամ: