Խոշոր ավտովթար Երևանի Կիևյան կամրջի վրա․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանի Կիևյան կամրջի վրա
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Երևանի Կիևյան կամրջի վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել նոյեմբերի 22-ին, ժամը 22։01-ին։ Ահազանգով հայտնել են, որ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ «BMW»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ անցել կամրջի արգելապատնեշը։
««BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ տուժածներից մեկը մահացել է»,–հայտնում է ՆԳՆ–ն:
«Nissan»-ի վարորդը տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել և հրաժարվել է հիվանդանոց դիմել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: