ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ շփման անցկացման հարցը օրակարգում է, անհրաժեշտ է ապահովել բովանդակալից զրույց։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ես ոչինչ չէի բացառի։ Առաջնորդների հաջորդ շփման անցկացման հարցն օրակարգում է։ Մենք պետք է ապահովենք նման շփման իմաստալից բովանդակությունը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ հեռանալ այն շրջանակներից, որոնք համաձայնեցվել են Անքորիջում առաջնորդների կողմից։ Ամերիկացիները լավ են հասկանում մեր այդ մոտեցումը», - ասել է Ռյաբկովը «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվան, անշուշտ, կցանկանար ակնկալել, որ ԱՄՆ վարչակազմը անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի առաջնորդների շփման նախադրյալները հասունանան:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է երկխոսության Ռուսաստանի հետ և հույս ունի «վերականգնել կանխատեսելիությունն ու փոխադարձ հարգանքը երկու երկրների միջև հարաբերություններում»: Այս ֆոնին ԱՄՆ-ն հայտարարել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին, որը ներառում է սահմանափակումներ «Ռոսնեֆտի», «Լուկօյլի» և նրանց դուստր ընկերությունների դեմ: Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, սակայն գործընթացը բարդ է և պահանջում է լուրջ դիվանագիտական աշխատանք: