ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի արևելյան շրջաններին։ Այս մասին հաղորդում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը:
«Ավիացիան 16 հարված է հասցրել մի քանի շրջանների, այդ թվում՝ Բեկաայի Շեստար լեռնային շրջանի ուղղությամբ», - հաղորդում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ավիացիայի հարվածի տակ են հայտնվել Լիբանանի հարավի մի քանի շրջաններ:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում:
Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ նրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար: