ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայում Ադրբեջանի օբյեկտներին իբր «հրթիռներով թիրախային հարվածների» մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանն ափսոսանք է հայտնել Կիևում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպի կապակցությամբ և տեղեկացրել, որ Բաքվի դիմումը քննարկվում է:
«Զրույցի ընթացքում նշվել է, որ նոյեմբերի 14-ին ադրբեջանական կողմի դիմումը՝ Կիևում այդ երկրի դիվանագիտական առաքելության շենքերին, գույքին և տարածքին հասցված վնասների վերաբերյալ, ուշադրությամբ ուսումնասիրվել է իրավասու գերատեսչություններում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ առկա տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքային համալիրի վնասումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ միջոցների ոչ ճիշտ աշխատանքի, ենթադրաբար՝ «Patriot» ԶՀՀ հրթիռի ընկնելու հետևանքով:
Զրույցի ընթացքում ռուսական կողմը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, շարունակում է ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ՀՕՊ միջոցներ տեղակայել բնակելի շինություններում՝ դրանով իսկ վտանգի ենթարկելով քաղաքացիական բնակչությանը:
Ավելի վաղ ռազմական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանատան տարածքում տարածքի «վնասման» մասին Կիևի տեսանյութը վկայում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված ՀՕՊ հրթիռի հարվածի մասին: