ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Իրանական միջուկային դոսյեի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղի է մտել, և դրա համար պատասխանատու են «եվրաեռյակը», (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), ինչպես նաև ԱՄՆ-ն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Դիվանագետի խոսքով՝ հակաիրանական բանաձևի ընդունման հետևանքները կերևան արդեն մոտ ապագայում։
«Թեհրանն արդեն այսօր արձագանքել է՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին տեղեկացնելով այս տարվա սեպտեմբերի 9-ին Կահիրեի պայմանավորվածությունների՝ Իրանի միջուկային օբյեկտներ տեսուչների մուտքի պայմանների մասին, համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ», - ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ իրավիճակը փաստացի փակուղի է մտել, և դրա համար պատասխանատվություն են կրում «եվրաեռյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), ինչպես նաև ԱՄՆ-ն։
Դիվանագետն ընդգծել է, որ նման բանաձևեր չեն ընդունվում, երբ դիվանագիտությունն իսկապես գործում է։ «Այս ամենը շատ հեռու է իրական քաղաքականությունից», – եզրափակել է Ուլյանովը։
Նոյեմբերի 20-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև ընդունեց, որով պահանջում էր, որ Իրանը անհապաղ գործակալությանը տեղեկացնի իր հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին։ Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարեց, որ Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևը համարում է ոչ կառուցողական և քաղաքականացված։
Նոյեմբերի 20-ին Իրանը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին սեպտեմբերին գործակալության հետ կնքված Կահիրեի համաձայնագրի գործողության դադարեցման մասին։