ՀԷՑ–ի տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Տեսուչը համայնքապետարանին պատճառել է խոշոր չափերով՝ 1 մլն 102 288 դրամի գույքային վնաս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնաճյուղերից մեկի տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեից նշում են, որ Գ.Խ.–ն, 2024 թ. հունիսի 6-ից 2025 թ. սեպտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀԷՑ–ի մասնաճյուղերից մեկի տեսուչ, իր սպասարկման տարածքում գտնվող բնակավայրի մի քանի փողոցների լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսը հաշվառող հաշվառքային սարքի արձանագրած իրական ցուցմունքների փոխարեն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս:
Արդյունքում Գ.Խ.–ն համայնքապետարանին պատճառել է խոշոր չափերով՝ 1 մլն 102 288 դրամի գույքային վնաս:
ՀՀ հարկային և մաքսային տեսուչների աշխատավարձը կավելանա
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: