«Մենք հիշում ենք». Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդ և գրառում արել

Պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
«Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,–հայտնում են թանգարան-ինստիտուտից:
Պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այնուհետև Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` «Մենք հիշում ենք» («Мы помним»):
Հիշեցնենք` նեյեմբերի 20–ին Դոնի Ռոստովի քաղաքապետին ընդունել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և քննարկել է հետագա համագործակցությունը։