ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրեասյանը նշել է, որ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության մեջ կարևոր էջ է բացվում։
«Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր մշակութային ինքնության հիմնասյուներից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևորագույն նվիրյալներից։ Նրա թողած ժառանգությունը դարերի խորքից մեզ է փոխանցել կրթության, մշակույթի, պատմական հիշողության կամուրջը»,–նշել է նախարարը։
Նա հավելել է, որ այս տարվա ապրիլին Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով:
«Երևանում՝ Աբայի պուրակում, և այժմ այստեղ՝ Մաշտոցի փողոցում, կարծես երկու մշակույթների միջև ստեղծվում են կամուրջներ, որոնցով անցնում են ոչ միայն անուններ, այլև արժեքներ՝ խաղաղություն, կրթություն և բարեկամություն։ Վստահ եմ, որ Մաշտոցի փողոցի բացումը նոր սկիզբ է՝ մեր ժողովուրդների մշակութային և կրթական կապերի խորացման համար»,–ասել է Անդրեասյանը։
Միջոցառմանը ներկա Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան ևս ընդգծել է, որ Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը կարևոր իրադարձություն է։
«Այսօր կարևոր խորհրդանշական միջոցառում է՝ ի նշան երկու երկրների բարեկամության։ Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը վկայում է, որ մշակույթը սկսվում է լեզվից, իսկ հասարակության զարգացումը` կրթությունից։ Ղազախստանն ու Հայաստանն ամուր բարեկամական կապեր ունեն»,–նշել է նա։
Հիշեցնենք` ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: