ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ հատուկ բողոքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«Խոսքը Ղուկասյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի ՝ հոկտեմբերի 21-ին կայացրած ապօրինի որոշման վերաբերյալ բողոքը մերժելու մասին է։ Այս պահին չունենք դատական ակտ, մեզ համար անհասկանալի է հիմնավորումը»,-ասաց նա։
Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ սա փաստաբանական խմբի ներկայացրած բողքներից մեկն է միայն ու հավելեց, որ մյուս բողոքների մասով դեռ որոշում չունեն։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։