ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման` 28 կետից բաղկացած ծրագիրը, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։
«Ավելի վաղ այս շաբաթ Թրամփը հաստատել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը անաղմուկ մշակվել էր վերջին մի քանի շաբաթների ընթացքում վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ Ռուսաստանի դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի և ուկրաինացի պաշտոնյաների հետ խորհրդակցելով», – նշում է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Axios-ը գրել էր, որ Վաշինգտոնը գաղտնի խորհրդակցություններ է անցկացնում Մոսկվայի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագրի մշակման ուղղությամբ։
Այն բաղկացած է 28 կետից, որոնց թվում են Ղրիմի և Դոնբասի ճանաչումը որպես Ռուսաստանի տարածքներ, Կիևին ԱՄՆ ռազմական օգնության կրճատումը, կանոնիկ ուկրաինական ուղղափառ եկեղեցու պաշտոնական կարգավիճակը, Ուկրաինայում ռուսերենի հռչակումը որպես պետական լեզու, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատումը։
Միևնույն ժամանակ, անհասկանալի է մնում, թե ինչպես Կիևը ու նրա եվրոպացի դաշնակիցները կվերաբերվեն այս ծրագրին։
NBC-ի տվյալներով՝ ծրագիրը մշակել են ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպումից հետո Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ որևէ զարգացում չի եղել։