«Սրբազան պայքարի» գործով անցնող Ղազարյանի և Իսրայելյանի կալանքը չի երկարաձգվի

«Սրբազանի պայքարի» գործով դատական նիստ. Արխիվային լուսանկար
Դատավորը չբավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարաձգել մեղադրյալների կալանքի ժամկետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ «Սրբազանի պայքարի» գործով անցնող ակտիվիստ Արսեն Ղազարյանի, նախկին զինվորական Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի երկարաձգվի։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունները՝ երկարաձգել նրանց կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով։
Նոյեմբերի 26-ից սկսած՝ ակտիվիստ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ղազարյանի խնամքին 2 անչափահաս երեխա կա, ավագ որդին պարտադիր զինվորական ծառայության է, իսկ ինքը՝ Ղազարյանն առողջական խնդիրներ ունի։
«Սրբազան պայքարի» գործով անցնող նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ էլ նոյեմբերի 26-ից կկիրառվի 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով՝ հաշվի առնելով ընտանեկան հանգամանքները։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և բացակայելու արգելք