ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Սիրիայում իշխանափոխությունը և Իսրայելի կողմից ռազմական էսկալացիան հանգեցրել են ահաբեկչական կազմակերպությունների շարքերը համալրելու նպատակով Մերձավոր Արևելք մեկնելու մտադրություն ունեցող ԱՊՀ քաղաքացիների թվի աճի։ Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպությունում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը։
«Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (արգելված է Ռուսաստանում) խմբավորման իշխանության գալուց և Իսրայելի կողմից ռազմական էսկալացիայից հետո նկատվում է ջիհադիստական գաղափարախոսությունը քարոզող առցանց համայնքների թվի բազմակի աճ, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումներին միանալու համար Մերձավոր Արևելք մեկնելու մտադրություն ունեցող մեր երկրների քաղաքացիների թվի աճ», – ասել է Սիսոևը համաժողովի ժամանակ։
Ընդ որում ահաբեկչական ակտիվությունը երրորդ երկրներ տեղափոխելու հիմնական մեթոդը գաղափարախոսական մշակման ենթակա և ժամանման երկրում գտնվող անձանց հեռակա ներգրավումն է արմատական գործունեության մեջ։
Սիսոևը նշել է, որ հավաքագրման իրենց գործունեության մեջ ահաբեկիչները հենվում են բնակչության անապահով շերտերի վրա, որոնք ունեն ցածր կրթական և եկամտային մակարդակ, ինչպես նաև զբաղվածության և առողջության հետ կապված խնդիրներ։