ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Վաշինգտոնի աշխատանքը Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագրի շուրջ և նշել, որ նման բարդ և մահաբեր պատերազմի դադարեցումը զիջումներ և լուրջ, իրատեսական գաղափարների փոխանակում է պահանջում։
«Երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերը համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների։ Ահա թե ինչու ենք մենք մշակում և կշարունակենք մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր առաջարկների ցանկը՝ հիմնվելով հակամարտության երկու կողմերից ստացված տեղեկության վրա», – գրել է Ռուբիոն X սոցցանցի իր էջում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հիմնում է և՛ Մոսկվայի, և՛ Կիևի առաջարկների վրա։
Ամերիկյան Axios պորտալը, հղում անելով ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան աղբյուրներին, ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն գաղտնի խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագրի մշակման ուղղությամբ։
Պարբերականի տվյալներով՝ ռազմավարությունը բաղկացած է 28 կետից, որոնք բաժանված են չորս հիմնական կատեգորիաների՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և ԱՄՆ-ի ապագա հարաբերություններ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Աղբյուրը պարբերականին պատմել է, որ ծրագրի մշակումը ղեկավարում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, որն արդեն հայեցակարգը քննարկել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար և Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, կոչ էր արել վերսկսել Ուկրաինայի հարցով Ստամբուլյան գործընթացը։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների՝ հավելելով, որ բանակցային գործընթացում դադար է առաջացել Կիևի մեղքով։