ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նոր բանաձևը կվնասի Իրանի հետ գործակալության համագործակցությանը։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել՝ Իրանից պահանջելով անհապաղ հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին:
«Այդ երկրները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա – խմբ.) տվյալ քայլով և Իրանի բարի կամքի և ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցության անտեսմամբ խաթարում են գործակալության հեղինակությունն ու անկախությունը։ Դա կհանգեցնի ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության գործընթացի խաթարմանը», - ասել է Արաղչին։
Նրա խոսքով՝ Իրանը նոյեմբերի 20-ին ՄԱԳԱՏԷ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալության հետ սեպտեմբերին կնքված Կահիրեի համաձայնագրի գործողությունն ավարտվել է:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին կոչ էր արել Իրանին ապահովել գործակալության հասանելիությունը վնասված օբյեկտներին` հատկապես ցածր և բարձր հարստացված ուրանի պաշարներին, որոնց կարգավիճակը հրատապ պարզաբանում է պահանջում: