ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Լեփսիուսի 1-ին փողոցի տներից մեկում. տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 06։15-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։15-ին։ Այրվել է խոհանոցը (մոտ 25 քմ)՝ գույքով և ջերմահարվել հյուրասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ–ից նշում են, որ հրշեջ-փրկարարաների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան երկրորդ հարկ և հարակից սենյակներ։