Գնդապետ Միհրան Մախսուդյանի տնային կալանքը չի շարունակվի

Նախկին զինվորականն ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչով պայմանավորված` հանրային մեղադրողներն էլ չառարկեցին խափանման միջոցի փոփոխությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ «Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպան Աննա Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը՝ Մախսուդյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ թողնել բացակայելու արգելքն ու գրավը։
Հանրային մեղադրողները չառարկեցին ներկայացված միջնորդությանը՝ հաշվի առնելով ներկայացված բժշկական փաստաթղթերը Միհրան Մախսուդյանի առողջական վիճակի վերաբերյալ։
«Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Մախսուդյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ողնաշարի հետ կապված, հնարավոր է՝ վիրահատության կարիք էլ լինի, իսկ տնային կալանքի համար կիրառվող էլեկտրոնային միջոցները խոչընդոտում են հետազոտությունների անցկացմանը։
Նոր, համակցված խափանման միջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 26-ից։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին և Միհրան Մախսուդյանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
«Արմեն Ալեքսանյանը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում գզգզված չուչելի համար». փաստաբան