ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը ողբալի և խայտառակ է որակում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի արդեն ավելի քան 5 ամիս կալանքի տակ գտնվելու և այն երկարաձգելու հանգամանքը։
«Ես քրեակատարողական հիմնարկում իմացա, որ 14-15 ժամ դատավարությունից հետո դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ ու առավոտյան հրապարակել կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշումը։ Ինձ համար այս ամենն արդեն ծիծաղելի չէ, ողբալու աստիճան ցավալի է։ Ես ՔԿՀ-ում ընդամենը 28 օր եմ եղել, ոչնչի համար։ Ազգանվեր, հայրենասեր, բարերար մարդն արդեն 5 ամսից ավելի է անազատության մեջ է ու առնվազն 2 ամիս էլ լինելու է։ Հուսամ սա վերջին երկարացումն էր։ Վստահ եմ, աշխարհի նորմալ իրավական երկրում նման բան տեղի չի ունենում։ Այս ամենն իրոք խայտառակություն է»,- ընդգծեց Մխիթարյանը։
Նա շեշտեց՝ չի հասկանում, թե «մեր ձևով» բառակապակցության համար ինչու պետք է անձը զրկվի իր ընտանիքից ու աշխատանքից։ Վստահ է՝ դա խոսում է միայն մեկ բանի մասին՝ Սամվել Կարապետյանն ուղղակի խանգարում է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդուձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքիերկու հոդվածներով։
Հոկտեմբերի 23–ին Մխիթարյանը 2 ամսով կալանավորվեց, նոյեմբերի 18–ին ազատ արձակվեց։