Նեթանյահուն այցելել է Սիրիա․ ԶԼՄ

Այցը կայացել է Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության համաձայնագրի կնքման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ այցելել է Սիրիա։ Այս մասին հաղորդում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր այցելել են Սիրիա: Նրանք լսել են տարածաշրջանի իրավիճակի մասին զեկույցները։ Այցը տեղի է ունենում Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության մասին համաձայնագիր կնքելու` ԱՄՆ-ի ջանքերի ֆոնին: Ուղևորությանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը և անվտանգության ընդհանուր ծառայության (ՇԱԲԱԿ) ղեկավար Դավիթ Զինին»,-ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես հաղորդում է պետական հեռուստառադիոընկերությունը, Իսրայելի և Սիրիայի միջև բանակցություններն այս պահին փակուղի են մտել: Դա պայմանավորված է նրանով, որ Իսրայելը պատրաստ չէ ընդունել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ Շարաայի պահանջը՝ հետ քաշել իսրայելական զորքերը բոլոր այն դիրքերից, որոնք Սիրիայի հարավում գրավել էին իսրայելցի զինվորականները Բաշար Ասադի հեռանալուց հետո:
Նեթանյահուն կարգադրել է հուժկու հարվածներ հասցնել Գազայի հատվածին
Աղբյուրները պնդում են, որ Իսրայելն այդ դիրքերից զորքերը դուրս կբերի միայն Սիրիայի հետ լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ ոչ թե անվտանգության համաձայնագրի դիմաց: Սակայն այս պահին նման համաձայնություն չի նախատեսվում։