Լիբանանի հարավում իսրայելական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով դպրոցականներ են վիրավորվել

Անցած գիշեր իսրայելական օդուժը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Իսրայելական անօդաչուն հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Թայրի բնակավայրին, ինչի հետևանքով վիրավորվել են մի քանի երեխաներ և դպրոցական ավտոբուսի վարորդը: Այս մասին հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը: Լիբանանի շտապ օգնության ծառայությունում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ Թայրիում հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել:
Անցած գիշերը իսրայելական օդուժը հարձակվել է Լիբանանի հարավային Սայդա քաղաքում գտնվող պաղեստինցի փախստականների Այն էլ Հիլվա ճամբարի վրա, ինչի հետևանքով 13 մարդ Է զոհվել: ԱԹՍ-ների կիրառմամբ նաև երկու հարձակում է իրականացվել Բինտ Ժբեյլ քաղաքում և Բլիդա բնակավայրում, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, մեկը վիրավորվել է:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հըզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ նրա մարտական թևի ղեկավար կազմը ոչնչացնելու համար: